Սկանդինավյան երկրներում հանդիպում է ճարտարապետական մի հնարք՝ խոտածածկ տանիք, որը վերջին տարիներին սկսեցին կիրառել կանաչ ճարտարապետության սիրահարները։ Կասեք, թե դա ուղղակի թիթիզությու՞ն է, բնավ։ Կանաչ տանիքի գաղափարն ունի կարևոր նշանակություն, ինչը շատ վաղուց հասկացել են Սկանդինավների բնակիչներն ու սկսել են կառուցել խոտածածկ տանիքներով տներ։ Նախ՝ հեռվից այսպիսի տներն աննկատ են, թողնում են բլրի տպավորություն, ինչի շնորհիվ հաճախ զերծ են մնացել թշնամիների հարձակումներից։ Իսկ արդյո՞ք Հայաստանի գյուղերում այսպիսի տանիքը դրական հեղափոխություն չի լինի։ Չէ՞ որ սա ոչ միայն էկոլոգիական, այլև տնտեսական լուրջ ներդրում կլինի ցանկացած նորակառույց տան համար։Ի դեպ՝ «Հոբբիթ» ֆիլմում, որում բնության տեսարանները նկարահանվել են Նորվեգիայում, կան նմանատիպ տներ՝ բլուրների տակ փորված ու խոտածածկ տանիքով։ Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո, այդ տարածքը, կարելի է ասել, դարձավ թանգարանային, զբոսաշրջիկների թիվն էլ միանգամից աճեց։ Կանաչ տանիքների իրականացումն այսօր բնապահպանական պայմանների բարելավման համար անհրաժեշտ միջոցառում է։

Ուրբանիզացիան` որպես գլոբալ հիմնախնդիր, ի հայտ է եկել մի քանի տասնամյակ առաջ, և խոշոր քաղաքների ընդարձակումը հանգեցրել է շրջակա միջավայրի աղտոտվածությանը: Կառուցապատման հետզհետե խտացման արդյունքում վերանում են կանաչապատ տարածքները՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով մուգ և անջրաթափանց մակերեսների՝ տանիքներ, մայթեր, հրապարակներ և այլն: Ուրբանիզացված քաղաքներում գերակշռող անջրաթափանց մեծածավալ մակերեսները, ինչպես նաև դրանց լրացնող արտանետումների մեծ քանակն անխուսափելիորեն հանգեցնում են բազում սպառնալից հետևանքների, այն է` էկոհամակարգի խաթարում, տաք օդային ավազանի առաջացում, օդի աղտոտվածություն, անձրևաջրերի` չհսկվող ծավալի առաջացում և այլն: Կանաչ տանիքների կառուցման անհրաժեշտությունը մեծ է հատկապես ուրբանիզացված տարածքներում, քանի որ կանաչ տանիքներ կառուցելով հնարավոր է ստեղծել քաղաքային աղմուկից, փոշուց մեկուսացված կանաչապատ օազիսներ, որոնք մարդուն հնարավորինս կմոտեցնեն բնությանը:



Կանաչ տանիքների կառուցմամբ կարելի է երկարաձգել հարթ տանիքների շահագործման ժամկետը, բարելավել տանիքների գեղագիտական տեսքը, կառուցապատված մակերեսները կրկնակի օգտագործելով` ստեղծել հանգստի տարածքներ, կարգավորել միջավայրակայուն մի շարք խնդիրներ, որոնցից առավել առաջնային են մթնոլորտային աղտոտվածության` տաք օդային ավազանի նվազեցումը և չհսկվող անձրևաջրերի հոսքի կազմակերպումն ու զտումը: Կանաչ տանիքները կհարստացնեն քաղաքի ճարտարապետական կերպարը և կնպաստեն կանաչապատ և հանգստի տարածքների ավելացմանը: Կանաչ տանիքները ոչ միայն կծառայեն որպես հանգստի գոտիներ, այլև կլինեն գիտահետազոտական լաբարատորիաներ: Տանիքներում կարող են աճեցվել բնակլիմայական պայմաններին համապատասխան բուսատեսակներ՝ հիմնականում ցրտադիմացկուն, քիչ խնամք պահանջող ծաղիկներ, թփեր, գաճաճ ծառեր: Կանաչ տանիքները բնականաբար ավելի թանկ արժեն, բայց առավելությունները՝ արդարացնում են ներդրումները:

